BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ

Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ
24.05.2016 | 21:01

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:


Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման ողջ ընթացքը՝ սկսած խոհանոցային պարագաների ձեռքբերումից մինչև կերակրացանկի հաստատում, սննդի պատրաստում և մատուցում: Մասիսի թիվ 2 դպրոցում կազմակերպվում է տաք սնունդ, որից օգտվում է 390 աշակերտ: Ընդգծելով, որ ծրագրի իրագործումը կառավարության կողմից դիտվում է նպատակային՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջազգային գործընկերներն առավել արդյունավետ են համարում տաք սննդի մատուցումը, որն իր մեջ պարունակում է տվյալ տարիքի երեխաների համար նախատեսված կալորիականության անհրաժեշտ չափաբաժին: Կարևոր նախապայման են համարվում խոհանոցի առկայությունը և սանիտարական նորմերի պահպանումը: Նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. «Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- նշել է Լ. Մրտչյանը: Նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տեխնիկապես ծրագրի իրագործումն ավելի դյուրին է մեծ դպրոցներում, որտեղ կան խոհանոց և համապատասխան այլ պայմաններ, մինչդեռ փոքր դպրոցներում խոհանոցներ ստեղծելու համար տարածքներ չկան:


Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի համար որպես դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որն աջակցություն է ցուցաբերում խոհանոցների ձևավորման հարցում: «Համոզված եմ, որ ծրագիրը պետք է շարունակել և հասնել նրան, որ ողջ հանրապետության դպրոցներն ընդգրկվեն և նույնիսկ ավելի բարձր դասարաններն էլ ներառվեն: Մեր երկրի սոցիալական վիճակի պայմաններում սա կարևոր խնդիր է, առավել ևս, որ հասարակությունը հիմնականում գոհ է ծրագրից: Բացի սննդից, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն. ծրագիրը երեխաների մոտ ձևավորում է կարգապահություն, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթ: Ես ուշադրություն դարձրեցի, որ բոլոր երեխաներն իրենց ափսեները հավաքում են, այսինքն` սա նաև դաստիրակություն է»,-իր խոսքում նշել է Լ. Մկրտչյանը: Պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: Ծնողական համայնքը սեփական նախաձեռնությամբ շատ դպրոցներում ցուցաբերում է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող սնունդը ավելի բազմազան և հարուստ լինի:
Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը ևս շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ:


Մասիսի թիվ 2 դպրոցում նախարարը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել՝ որքանով են գոհ սննդի համից ու տեսակներից, ինչպես նաև համտեսել երեխաների օրապահիկից:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ 2010 թվականից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար արժողությամբ խոհանոցային կահույք և սարքավորումներ:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ